Նորայր Մովսիսյանի բլոգ

Archive for the category “ԻՆՉ Է”

Ինչ է բորսան

borsi114-րդ դարում (Բուրգունդական հերցոգության ժամանակներում)  ներկայիս Բելգիայի հարավային Բրյուգե քաղաքը դարձավ Հյուսիսային Եվրոպայի առևտրային կենտրոնը։ Այստեղ 1406 թվականին  հոլանադացի հարուստ առևտրական Վան դեր Բուրսեն որոշում է իր կալվածքին (որը կոչվում էր “van der Burse” ) հարող հրապարակը դարձնել առևտրականների հավաքատեղի, որտեղ վերջիններս կարող էին կատարել մուրհակային գործարքներ, կնքել առևտրային պայմանագրեր կամ փող փոխանակել։ Բոլորի համար խորհրդանշական էր դարձել Բուրսեների տան շքամուտքի ճակատի տոհմական գերբը՝ երեք պարկերի (այսինքն՝ դրամապանակներ)  պատկերով։ Այս հավաքները ստացան “Borsa” անվանումը, որը նշանակում է «դրամապանակ»։ Այսպիսով, հոլանդացի առևտրականը դարձավ աշխարհում առաջին բորսայի նախաձեռնողը։ Հետագայում այս պրակտիկան տարածվեց եվրոպական այլ առևտրական քաղաքներում՝ Վենեցիայում, Ֆլորենցիայում։ Բորսայի նախատիպեր կարելի է համարել շուկաները և տոնավաճառները։ Առաջին միջազգային բորսան բացվել է Անտվերպենում (Բելգիա) 1531 թվականին։ 17-րդ դարում Ամստերդամի ապրանքային և ֆոնդային բորսայում գնանշվում էին  հոլանդական, անգլիական, իսպանական և պորտուգալական պետական պարտատոմսերը։

74e972Արդյունաբերական և հետարդյունաբերական ժամանակներում միջազգային առևտրի, տնտեսական հարաբերությունների և ֆինանսական շուկայի զարգացմանը զուգընթաց բորսաները ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով վերափոխվել են և կատարելագործվել։ Նրանց համար, ովքեր ֆինանսական շուկաներում գործարքներով չեն զբաղվում և չեն էլ հետաքրքրվում այդ ոլորտով, բորսայի մասին պատկերացումները ձևավորվում են հոլիվուդյան ֆիլմերով՝ մեծ լուսավոր սրահ, աղմկող մարդիկ, հեռախոսներ, թղթատարափ, հուսահատության և ոգևորության բացականչություններ և թվեր, թվեր, թվեր․․․Բորսան վայր է, որտեղ հավաքվում են վաճառողները, գնորդները և առևտրային միջնորդները։ Բորսայում մարդիկ գնում և վաճառում են ապրանքներ, արժույթներ, արժեթղթեր, ֆյուչերսներ (բացատրությունը տես՝ «Բառարան» էջում)։ Այն ապահովում է ֆինանսական գործիքների մշտական կազմակերպված շրջանառությունը և ստանում միջնորդավճարներ յուրաքանչյուր կատարված գործարքից, որն էլ համարվում է բորսայի հիմնական եկամուտներից մեկը։ Ներկայումս աշխարհի խոշորագույն բորսան “New York Stock Exchange” –ն է կամ առավել հանրահայտ՝ «Ուոլ-Սթրիթ»-ը (այն փողոցի անվանումը, որտեղ գտնվում է բորսան)։ Այս բորսայում տեղի են ունենում աշխարհի միլլիոնավոր ֆինանսական գործարքներ։
ffc70f25dc28d66718ee21f1f399dab9
Նյու-Յորքի բորսայի ազդեցությունը միջազգային ֆինանսական համակարգի վրա սովորաբար բնութագրում են մեկ նախադասությամբ՝ «Երբ փռշտում է Ամերիկան, Եվրոպայում հարբուխ է»։  Խոշոր են համարվում նաև  Լոնդոնի, Տոկիոյի, Մոսկվայի բորսաները։ Կախված՝ թե ինչ է գնվում և վաճառվում, գոյություն ունեն բորսաների մի քանի տեսակներ՝ ապրանքային,որտեղ կարելի է գնել ցանկացած ապրանք՝ օրինակ ցորեն կամ կաթ, ֆոնդային՝ արժեթղթերի շուկան, արժութային՝, որտեղ գնվում և վաճառվում են միջազգային արժույթներ ֆյուչերսային և օպցիոնային։ Կան բորսաներ, որոնք մատուցում են բազմակողմանի ծառայություններ։ Աշխարհի տարբեր երկրներում բորսաներն իրականացնում են միևնույն ֆունկցիաները՝ բորսայական առևտրի կազմակերպում, առևտրի կանոնների սահմանում, առևտրային հարթակի տրամադրում, տիպային պայմանագրերի մշակում, գնանշումներ, արբիտրաժային վեճերի լուծում, երաշխիքների տրամադրում  առևտրի մասնակիցներին և տեղեկատվության տրամադրում։ Իհարկե, բորսայի գործառույթներն այսքանով չեն ավարտվում, պարզապես սրանք հիմնականն են։

Բորսան կապիտալիստական հասարակարգի կարևորագույն բաղադրիչն է։ Ֆոնդային բորսաներում երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրումների, սպեկուլյատիվ (շահույթ հետապնդող) գործարքների շնորհիվ այն ապահովում է տնտեսության կապիտալիզացիան և փողի լիկվիդայնությունը։ Բորսաները ստեղծում են արագ հարստություն կուտակելու հնարավորություն՝ միլիոնատեր մեկ օրում։  Նրանք, ովքեր ճանաչում են բորսայի արքաներ Ջորջ Սորոսին և Ուորեն Բաֆետին, կհաստատեն դա։ Չնայած բորսայական հաջողակների թիվը տարեցտարի ավելանում է, պարտվողներինը նույնպես չի պակասում։ Հաճախ դա ավարտվում է նաև ինքնասպանությամբ։ Բորսայում հաղթում են նրանք, ովքեր ֆինանսական գործիքների գիտակ են և տեղեկացված։ Ինչպես նշել է Բաֆետը՝ «Եթե դու չգիտես ով է պարտվել բորսայում, ուրեմն պարտվել ես դու»։

422635477bb317c889

Ինչ է Forex-ը

imagesՏեղեկացված հանրության մեջ չկա մեկը, ում տեսադաշտում երբևէ  չի հայտնվել  Forex (Foreign Exchange Operation) անգլերեն      հապավումը։  Ոմանք հետաքրքրվել են դրա մասին, ոմանք  անտարբեր  շեղել հայացքը։ Նրանք, ովքեր արագ և հեշտ փող վաստակելու  նպատակով երբևէ որոշել են տեղեկատվություն փնտրել գովազդային  հոլովակներից և վահանակներից  այսպես ասած «կանչող» բառի  վերաբերյալ, գիտեն՝ Forex-ը շուկա է, որտեղ կարելի է գնել և վաճառել  արժույթներ։ Հետխորհրդային երկրներում եկամուտ ստանալու  նպատակով ինչ-որ բան գնելու և վաճառելու համար մարդիկ ենթարկվում էին քրեական պատասխանատվության։ Նրանց անվանում էին սպեկուլյանտներ, ազատազրկում երկուսից մինչև յոթ տարով , բռնագանձում ունեցվածքը կամ լավագույն դեպքում  պատժում տաժանակիր և  ուղղիչ աշխատանքով։ Խորհրդային միությունը մնաց անցյալում, բայց սերունդները շատ ու շատ անհեթեթությունների հետ միասին ժառանգեցին նաև «սպեկուլյանտ» հասկացությունը։ Սպեկուլյացիա նշանակում է էժան գնել և թանկ վաճառել։ Եվ եթե Forex շուկային ծանոթ ու անծանոթ մարդկանց հարցնենք, թե ովքեր են աշխատում այս շուկայում, պատասխանը մեկն է՝ սպեկուլյանտները։ Իսկ փողի փոխանակման կետերում ամենօրյա հերթերի մասնակիցները և բանկերը  նույնպե՞ս սպեկուլյանտներ են։ Իհարկե ոչ…

Արժութային շուկայում գնվող և վաճառվող ապրանքը փողն է, ինչպես նավթը, ոսկին ցորենը կամ այլ ապրանքները ֆոնդային բորսաներում։ Եթե ապրանքի արժևորումը պայմանավորված է դրա օգտակարությամբ և սահմանափակ լինելով, ապա փողի դեպքում այլ է։ Ցանկացած երկրի դրամական միավորին արժեք են տալիս այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց նկատմամբ կա պահանջարկ։ Փողը միաժամանակ երկրի տնտեսության ամենալիկվիդային ակտիվն է (լիկվիդայնություն է կոչվում հեշտության այն աստիճանը, որով փողը վերածվում է ապրանքների և ծառայությունների), զարգացման ցուցիչը և հակառակը։ Եթե որևէ երկրում տնտեսության աճ է գրանցվում կամ կայունացում, արժութային շուկայի մասնակիցները գնում են այդ երկրի արժույթը և կատարում ներդրումներ։ Այսինքն՝ աշխատելով արժութային շուկայում, մենք ներդնում ենք գումարներ այլ երկրների տնտեսության զարգացման համար։

Բացի արտարժութային  շուկայից համաշխարհային  ֆինանսական շուկայի սուբյեկտներ են նաև կենտրոնական բանկերը, առևտրային բանկերը, ներդրումային կազմակերպությունները, կենսաթոշակային և ապահովագրական ֆոնդերը, ֆոնդային բորսաները և դիլինգային կենտրոնները։ Արտարժութային շուկան այլ շուկաներից տարբերվում է իր բարձր լիկվիդայնությամբ։ Այստեղ ցանկացած ժամանակ կարող են կատարվել գործարքներ։ Վաճառողը միշտ ունի գնորդ, իսկ գնորդը միշտ կգտնի վաճառողի։

Համաշխարհային արտարժութային շուկայում փողի ամենօրյա շրջանառությունը կազմել է՝

  • 1977 թ.-ին՝ 5 միլիարդ դոլլար
  • 1987-ին՝ 600 միլիարդ դոլլար
  • 1992-ին 1 տրիլիոն դոլլար
  • 1997-ին 1,2 տրիլիոն դոլլար
  • 2000-ին 1,5 տրիլիոն դոլար
  • 2005-2006-ին 2-4,5 տրիլիոն դոլար
  • 2010-ին 4 տրիլիոն դոլար

Փորձագետների կարծիքով մինչև 2020 թվականը շրջանառության թիվը կկազմի 10 տրիլիոն դոլլար։

Արտասահմանյան ֆիլմերում  հաճախ կարելի է տեսնել երկնաքերերի ընդարձակ սրահներում գոռգռացող մարդիկ, հեռախոսազանգերից պայթող սեղաններ, թղթի անբացատրելի կույտեր և անհասկանալի թվաբանությամբ էկրաններ։ Դա Forex-ի համարձակ և վտանգավոր աշխարհն է։ Այսօր այդ աշխարհը քարաշեն տարածքներից տեղափոխվել է համացանցային հարթակ։ Եվ եթե որևէ մեկը ուզում է հայտնվել արտարժութային շուկայում, բավական է միացնի համակարգիչը, համացանցով փնտրի իր համար վստահելի բրոքերին (այս մասին առանձին կխոսենք), սովորի թրեյդինգ և սկսի փող աշխատել։ Դա հեշտ չէ, բայց չափազանց հետաքրքիր է…

Post Navigation